Facebook Image Tracker
Բլոգ

Huawei OX Horn Campus՝ ստեղծելով նոր կորպորատիվ  արժեքներ: Huawei-ը Շենժեն քաղաքում ստեղծել է նոր և նմանը չունեցող գիտահետազոտական կենտրոն

 

 

Huawei-ը, ունենալով ավելի քան 180,000 աշխատողներ և բազմաթիվ ներկայացուցչություններ 170-ից ավել երկրներում, իր հաջողություններից մեկն է համարում ընկերության և աշխատակիցների համատեղ աճը և զարգացումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական շարունակական զարգացման հնարավորությունները:

Ուստի, ընկերությունը, ձգտելով էլ ավելի մոտիվացնել իր աշխատողներին, ստեղծեց նորարարական և իր կոնցեպտով յուրահատուկ գիտահետազոտական կենտրոն, որի ճարտարագիտական ոճը նման է 12-ից 19-րդ դարերի կառույցներին:

Huawei-ի նոր գիտահետազոտական կենտրոնը գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում, որի տարածքում 39 տարի առաջ եղել է առևտրական փոքր քաղաք, իսկ այժմ այն դարձել է մեգապոլիս՝ 2017 թվականի պաշտոնական տվյալների համաձայն ունենալով 12.5 միլիոն, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 20 միլիոն բնակչություն: Huawei-ը որոշեց հետ չմնալ այն քաղաքից, որտեղ գտնվում էր իր գլխամասը և նրա կողքին կառուցեց այս գիտահետազոտական կենտրոնը:

Գիտահետազոտական նոր կենտրոնը կառուցվել է Դոնգուան քաղաքային շրջանում՝ Սոնգշան լճի ափին՝ Շենժեն քաղաքի սահմանին: Կենտրոնի կառուցումը սկսվել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն 2018 թվականի հուլիս ամսվանից այն դիմավորել է իր առաջին աշխատողներին:

Huawei-ը արժևորում է իր աշխատակիցներին

 

 

Ընդհանուր առմամբ ընկերությունը նախատեսում է, որ շուրջ 25 հազար աշխատողներ Շենժենի գլխամասից պետք է տեղափոխվեն այս գիտահետազոտական կենտրոն:

Կենտրոնի կառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների համար Huawei-ը ներդրել է շուրջ 10 միլիարդ յուան (համարժեք 1.45 միլիարդ դոլլարին), որն իր մեջ ներառում է նաև Դոնգուան վարչական շրջանի ուսումնական և բժշկական հաստատություններում ներդրումները:

Ընկերությունը համարում է, որ իր աշխատակիցների մեծ մասը Շենժենից տեղափոխվելու է այստեղ, քանզի գլխամասի և գիտահետազոտական նոր կենտրոնի միջև հեռավորությունը 50 կմ է, և երթևեկությունը տևում է մոտ մեկ ժամ: Այստեղ արդեն սկսել են նոր տներ կառուցել, որոնք կարող են գնել կամ վարձակալել միայն Huawei-ի աշխատողները:

Ծրագրվում է մեկ տարվա ընթացքում աշխատակիցներին ապահովել անվճար ավտոբուսներով՝ Շենժենից դեպի նոր կենտրոն տեղափոխվելու համար, քանի որ ոչ բոլոր աշխատակիցները կկարողանան սեղմ ժամկետներում կենտրոնին մոտ բնակարան գտնել:

Ինչպիսի՞ տեսք և ենթակառուցվածքներ ունի Huawei OX Horn կենտրոնը

 

 

Նոր կենտրոնը զբաղեցնում է 1.4 մլն քառակուսի մետր տարածք և բաժանված է 4 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է ևս 12 բլոկերի: Տարածքում, ընդհանուր առմամբ, կա 108 շինություն:

Huawei-ի գիտահետազոտական կենտրոնի տարածքում տեղ գտած 12 բլոկերից յուրաքանչյուրը նվիրված է այս կամ այն եվրոպական քաղաքին՝ Փարիզ, Վերոնա, Ֆրայբուրգ, Գրանադա:

Huawei-ը այս մոտեցումը բացատրում է նրանով, որ Չինաստանում ժամանակակից մեգապոլիսները, ինչպիսինն օրինակ Շենժենն է, գերծանրաբեռնված են երկնաքերերով, մինչդեռ, ընկերությունը ցանկանում էր իր աշխատակիցների համար ստեղծել լիովին նոր միջավայր և շեշտը դնել կոնտրաստի և ճարտարապետական զանազանության վրա:

Մտքի հեղինակները կարծում են, որ նման մոտեցումը կնպաստի աշխատակիցների ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչը շատ կարևոր է գիտահետազոտական կենտրոնի համար:

Կենտրոնի տարածքում չկան մայրուղիներ. աշխատակիցները տեղաշարժվում են ոտքով կամ փոքր էլեկտրոբուսերով:

Ամենահետաքրքրաշարժն այն է, որ կենտրոնի տարածքում երկաթգիծ է գործում, վերջինս տեղաշարժվելու ամենահարմար մեթոդն է: Երկաթգծի ընդհանուր երկարությունը 7,8 կմ է, որն իր մեջ ներառում է 12 կայարան: Երթևեկությունն օղակաձև է, քանի որ տարածքում միայն մեկ երկաթուղային գիծ կա: Երկու վագոնից բաղկացած գնացքը կայարանների միջև անցնում է 10 րոպե միջակայքով:

Ինչպիսի՞ այցելությունների համար է բաց կենտրոնը

 

 

Գիտահետազոտական կենտրոնի մուտքն, ինքնին, փակ է կողմնակի անձանց համար, սակայն ընկերությունն իր աշխատակիցներին թույլ է տալիս հրավիրել իրենց ընտանիքի անդամներին և գորնծընկերներին՝ ցույց  տալու կենտրոնի տարածքը:

Չնայած նրան, որ կենտրոնի շինությունների մեծ մասը որևէ եվրոպական քաղաքների տիպիկ բնակելի շենքերի տեսք ունեն, իրականում դրանք բոլորը խորհրդակցության համար նախատեսված բազում սենյակներ ունեցող գրասենյակներ են:

Նույնիսկ տարածքում գտնվող հսկա դղյակները  գրասենյակային և ադմինիստրատիվ տարածքներ են: Արտաքինից թվում է, թե դրանք կառուցված են տարածքին գեղեցիկ տեսք հաղորդելու համար, մինչդեռ, իրականում, դրանք զուտ գործառական նպատակ ունեն:

Huawei - ի նոր գիտահետազոտական կենտրոնի տարածքում ամենը մանրակրկիտ կերպով նախագծված է: Բացի գրասենյակներից, տարածքում վարձակալության հիմունքով տեղ են գտել նաև կենտրոնի ենթակառուցվածքային մաս կազմող տարբեր խանութներ և սրճարաններ, ինչն արված է նրա համար, որ նոր աշխատավայր տեղափոխվող ընկերության մոտ 25 հազար աշխատակիցներն իրենց քաղաքից կտրված չզգան:

Երբ զբոսնում ես Huawei-ի նոր կենտրոնի տարածքով, ապշեցնում է ոչ միայն ճարտարապետությունն ու կանաչի առատությունը, այլ նաև այն փաստը, որ, իր չափերով փոքր քաղաքի նմանվող այս կենտրոնը կառուցելու համար, ընկերությունից պահանջվեց ընդամենը չորս տարի: